Ուկրաինայի Գերագույն ռադան երեկ ընդունել է իշխող` «Ռեգիոնալների» կուսակցության անդամ Միրոշնիչենկոյի ներկայացրած օրինագիծը համաներման մասին: Ընդդիմությունը հայտարարում է, որ այն ընդունվել է ԳՌ-ի կանոնակարգի խախտմամբ: Ընդդիմադիր` «Սվոբոդա» կուսակցության ֆրակցիայի ղեկավար Օլեգ Տյագնիբոկն ասել է, թե ցուցարարները չեն ազատի վարչական շենքերը ձերբակալված ակտիվիստների համաներման նպատակով: Նրա կարծիքով, ԳՌ-ի ընդունած օրենքը օրինականացում է ակտիվիստների ձերբակալությունները: Տյագնիբոկն ասել է, թե այդ օրինագիծն ընդունելով իշխանությունները մտադիր են ձերբակալությունների ողջ պատասխանատվությունը դնել ընդդիմության վրա և նշել, որ համաներման մասին օրինագիծն ընդունվել է կանոնակարգի խախտմամբ: Խնդիրն այն է, որ ցանկացած օրենքի ընդունումից հետո ԳՌ ղեկավարն իրավունք չունի այն ստորագրել երկու օրվա ընթացքում` այդ ընթացքում օրենքի վերաբերյալ հնարավոր դիտողություններ ստացվելու պատճառով:
Նախկին ռեգիոնական, պատգամավոր Իննա Բոգոսլավսկայան նույնպես հայտարարել է, որ ընդունված օրենքը պրոիշխանական է: Ըստ օրենքի, 15 օրվա ընթացքում ցուցարարները պետք է ազատեն գրաված վարչական շենքերը և, պատգամավորի կարծիքով, իշխանությունը այդ օրերը կօգտագործի անհնազանդերից ազատվելու և ուժերը համախմբելու համար, որպեսզի ժողովրդի վրա նոր հարձակում ծրագրի: «Մենք պետք է պատրաստվենք պաշտպանության` այնպես, ինչպես իշխանությունը պատրաստվում է հարձակման»,- ասել է նա և կանխատեսել, որ «հնարավոր է արյուն թափվի»:
Այսօր Ուկրաինայի Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե ռազմականացված կամ զինված խմբերի ստեղծումը և դրանցում մասնակցություն ունենալը նախատեսում է պատիժ` ազատազրկում մինչև 8 տարի, իսկ նման խմբերի ղեկավարումը` ազատազրկում մինչև 10 տարի: Նշենք, որ երեկ Մայդանում մի շարք կազմակերպությունների ակտիվիստներ ստեղծել են «Ազգային գվարդիա», որն իր կազմում կընդունի բոլոր ցանկացողներին: «Ազգային գվարդիայի» կազմում արդեն ներգրավվել են Մայդանի ինքնապաշտպանության ներկայացուցիչները, ովքեր երդվել են պաշտպանել ուկրաինացի ժողովրդին:
Պետք է նկատել, որ պատգամավոր Իննա Բոգոսլավսկայայի «արյունոտ» կանխատեսումը կարող է իրականանալ` նկատի ունենալով գվարդիականների դիմակայությունն ու իշխանության` այդ դիմակայությունը զսպելու կոշտ փորձերը: Ի դեպ, այդ մասին հայտարարություն է արել և ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլապերը: Նա ասել է, թե Վիկտոր Յանուկովիչն ամեն կերպ կփորձի պահել իշխանությունը, որի համար «հավանաբար կդիմի ուժի կիրառման, անօրինական միջոցների և այլ մարտավարական գործողությունների, որպեսզի իրավիճակը վերադարձնի իր օգտին»:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ